Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Հայաստանի հետ «մոտ ապագայում» խաղաղության պայմանագիր կնքելու հնարավորության մասին, եթե Երևանը չփոխի իր դիրքորոշումը:
«Հայաստանի կողմից մեր տարածքային ամբողջականության ճանաչումից հետո խաղաղության պայմանագրի կնքման համար լուրջ խոչընդոտներ գրեթե չեն մնացել։ Մոտ ապագայում, եթե Հայաստանը կրկին չփոխի իր դիրքորոշումը, խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել»,-Ալիևին մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Միաժամանակ, Ադրբեջանի նախագահի խոսքով, եթե խաղաղության պայմանագիրը չստորագրվի, ամեն դեպքում, Ադրբեջանը դրա պատճառով ոչ մի խնդիր չի ունենա:
Մայիսի 26-ին Reuters-ը հայտնել էր, որ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան կարծում է, որ Բաքուն և Երևանը կարող են խաղաղության համաձայնագիր ստորագրել հունիսի 1-ին Քիշնևում եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովի ժամանակ:
Մայիսի 26-ին Հայաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցը չի ընդգրկվել հունիսի 1-ին Քիշնևում նախատեսված հանդիպման օրակարգում: