Ադրբեջանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին կոչ է անում չմեկնել Իրան։
«Հաշվի առնելով այս տարվա հունվարին Ադրբեջանի դեսպանատան դեմ իրականացված ահաբեկչությունը, որի արդյունքում սահմանափակվեց մեր դիվանագիտական ներկայացուցչությունն այս երկրում, Ադրբեջանի քաղաքացիներին խստորեն խորհուրդ է տրվում անհարկի չայցելել Իրան, իսկ այս երկիր մուտք գործողներին՝ լինել աչալուրջ»,- ասվում է Ադրբեջանի նախարարության հաղորդագրության մեջ։
Նախարարությունը խորհուրդ է տվել Իրանում գտնվող Ադրբեջանի քաղաքացիներին պահպանել անվտանգության կանոնները։
Հունվարի 27-ի առավոտյան զինված հարձակում էր իրականացվել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա, ինչի հետևանքով զոհվել էր դիվանագիտական առաքելության անվտանգության ծառայության ղեկավարը, վիրավորվել ևս երկու աշխատակից։ Հունվարի 29-ին Ադրբեջանը տարհանել էր Իրանում իր դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին։
Նույն օրն Իրանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր Իրանի կենտրոնական Սպահան նահանգի ռազմաարդյունաբերական համալիրի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման մասին։ Հայտարարության մեջ չէր նշվում, թե Թեհրանի կարծիքով ով է ներգրավված եղել հարձակման մեջ: Արևմտյան և մերձավորարևելյան ԶԼՄ-ներն, իրենց հերթին, հայտնել էին այս գործողությանը ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր ներգրավվածության մասին։
Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի մեջ․ կան զոհեր
Թուրքիայի Մուղլա նահանգում շտաօգնության ուղղաթիռը մխրճվել է նահանգային կենտրոնի ուսումնահետազոտական հիվանդանոցի շենքի մեջ, ինչի հետևանքով 4 մարդ է մահացել, հայտնել...