Իտալական Leonardo ընկերությունը պայմանագիր է կնքել Ադրբեջանի ռազմաօդային ուժերին «C-27J Spartan» ռազմատրանսպորտային ինքնաթիռների մատակարարման համար։ Պայմանագիրը ստորագրվել է Իտալիայում երկու երկրների պաշտպանության նախարարների ներկայացուցիչների ներկայությամբ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով իտալական ընկերությանը։
«Ի սկզբանե էներգետիկ ոլորտով կապված իտալաադրբեջանական համագործակցությունն այժմ տարածվում է պաշտպանական արդյունաբերության արտադրանքի վրա՝ շնորհիվ Իտալիայի պաշտպանության նախարարության աշխատանքային խմբի արժեքավոր ներդրման», – ասված է հաղորդագրության մեջ:
Ադրբեջանի պատվիրած ինքնաթիռների թիվը հայտնի չէ, միայն նշվում է, որ համաձայնագիրը «ադրբեջանական զինված ուժերի արդիականացման լայնածավալ ծրագրի մի մասն է, որոնք գնալով ավելի մեծ ուշադրություն են դարձնում իտալական արդյունաբերության արտադրանքին»։
Իտալա-ամերիկյան համատեղ մշակման «C-27J Spartan» մարտավարական ռազմատրանսպորտային ինքնաթիռն իր առաջին թռիչքն իրականացրել է 1999 թվականին, շահագործվում է 2006 թվականից։ Բացի Ադրբեջանից, ինքնաթիռը նախկինում ձեռք է բերել ընդհանուր առմամբ 16 երկիր, այդ թվում՝ ԱՄՆ-ն։