Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հայտարարել է, որ հաղորդակցությունների ապաշրջափակման դեպքում, ռուս սահմանապահները կվերահսկեն Նախիջևանի և Ադրբեջանի մնացած տարածքների միջև Հայաստանի տարածքով տրանսպորտային կապերը։
«Հսկողությունը, համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարության, քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը կազմակերպելու նպատակով կիրականացվի Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության կողմից»,- ասել է նա ադրբեջանական ԶԼՄ-ների հետ հարցազրույցում՝ մեկնաբանելով հունիսի 2-ին Մոսկվայում կայացած եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումների արդյունքները՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ։
Պատասխանելով այն հարցին, թե ինչ փուլում են բանակցությունները՝ Ադրբեջանի փոխվարչապետն ասել է, որ ներկայումս քննարկումներ են ընթանում տեխնիկական մանրամասների համաձայնեցման համար։ «Բանակցությունները տարվում են 2020 թվականի նոյեմբերի 9/10-ի համատեղ հայտարարության 9-րդ կետի հիման վրա՝ դրա դրույթները հնարավորինս արագ կյանքի կոչելու նպատակով։ Առաջադրանքները շատ պարզ են՝ նախատեսվում է վերականգնել գոյություն ունեցող և կառուցել նոր տրանսպորտային հաղորդակցություններ, որոնք կապում են Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ։ Կապահովվի մարդատար, բեռնատար, ինչպես նաև տրանսպորտային միջոցների փոխադրման իրականացումը»,- ասել է նա։
Ավելի վաղ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման դեպքում սահմանային բոլոր ծառայությունները պետք է իրականացնեն Հայաստանի համապատասխան կառույցները։ «Հայաստանի համատեքստում ապաշրջափակումը «նշանակում է», որ սահմանային բոլոր ծառայությունները կիրականացնեն միայն հայկական ծառայությունները», – նշել էր նա։