Ադրբեջանի գլխավոր դատախազությունը դատարան է ուղարկել մայիսի 26-ին առևանգված հայ զինծառայողներ Հարություն Հովակիմյանի և Կարեն Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործերը։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ գերատեսչությունը հայտարարել է գործի հետաքննությունն ավարտելու և այն դատարան ուղարկելու մասին։ Հայ զինծառայողները մեղադրվում են «հրազենի մաքսանենգության», «ահաբեկչության», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատման», ինչպես նաև «ազգային, ռասայական, սոցիալական կամ կրոնական ատելություն և թշնամանք հրահրելու» հոդվածներով։
Մայիսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է մարտական դիրքեր սնունդ առաքող երկու զինծառայողների հետ կապի կորստի մասին։ Նույն օրը ադրբեջանական ԶԼՄ-ները, ապա՝ ադրբեջանական սահմանային ծառայությունը հայտարարեցին, որ «հայկական կողմը դիվերսիոն ներթափանցելու փորձ է կատարել, երկու հայ զինծառայող կալանավորվել է»։
Ավելի ուշ ՊՆ-ն հայտարարեց սահմանային գոտում ավտոմեքենայի հայտնաբերման մասին, որով երկու հայ զինծառայողները պետք է սնունդ և ջուր հասցնեին մարտական դիրքեր։ Մայիսի 27-ին պետական սահմանային ծառայությունը և Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարեցին հայ զինվորականներին կալանավորելու և «հետաքննությանը որպես կասկածյալ ներգրավելու մասին»։
Մայիսի 27-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ ադրբեջանական զինված խումբը խախտել է ՀՀ սահմանը և առևանգել 2 զինծառայողի, որոնց հետ կապը կորել է մայիսի 26-ին։ Մայիսի 28-ին ադրբեջանական դատարանը Հարություն Հովակիմյանին և Կարեն Ղազարյանին ձերբակալելու որոշում է կայացրել։