Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը և թուրքական «TUSAŞ» պաշտպանական ընկերությունը պայմանագիր են ստորագրել Ադրբեջանի ԶՈւ-ին սպասարկող Սու-25 գրոհային ինքնաթիռների արդիականացման համար, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
«Պայմանագրի կնքման հիմնական նպատակը թուրքական արտադրության խելացի ռումբերի և հրթիռների ինտեգրումն է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներին և դրանց ավիոնիկայի արդիականացման աշխատանքների իրականացումը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ նախագիծը նախատեսում է Թուրքիայի «ներքին և ազգային կարողությունների, ինչպես նաև պաշտպանական արդյունաբերության միջոցների առավելագույն օգտագործումը»։
Սու-25 գրոհային ինքնաթիռը ընդունվել է ԽՍՀՄ ռազմաօդային ուժերի կողմից 1981 թվականին։ Բաց աղբյուրների համաձայն՝ այս տիպի մոտ 40 ինքնաթիռ ներկայումս ծառայում է Ադրբեջանի զինված ուժերին։