Միացյալ Նահանգների պետքարտուղարության Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն տարածաշրջան կատարած այցի ընթացքում քննարկել է Լեռնային Ղարաբաղի բնակչության հումանիտար իրավիճակը, իրավունքներն ու անվտանգությունը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը՝ հղում անելով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնը։
«Նա եղել է և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում։ Պարոն Բոնոն քննարկել է Լեռնային Ղարաբաղի բնակչության հումանիտար իրավիճակը, իրավունքներն ու անվտանգությունը», – «Ազատության» փոխանցմամբ՝ ընդգծում են ԱՄՆ դեսպանատնից՝ հավելելով, որ Նահանգները հետևողականորեն պնդում է, որ տարածաշրջանում խաղաղությունը պետք է ներառի պաշտպանության այդ միջոցները։
Նշվում է, որ «Ազատության» հարցին, թե արդյո՞ք ամերիկացի դիվանագետը հանդիպել կամ հանդիպելու է Ստեփանակերտի ներկայացուցիչներին՝ քննարկելու Բաքու-Ստեփանակերտ երկխոսության հնարավորությունը՝ դեսպանատնից առանց անուններ տալու միայն հայտնել են, որ ավագ խորհրդականը հանդիպել է «հիմնական շահագրգիռ կողմերի հետ՝ աջակցելու Հայաստան-Ադրբեջան խաղաղ գործընթացին»։
Լուիս Բոնոյի այցը Հայաստան կայացել է օգոստոսի 2-ին։ Հաղորդվել է միայն ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման մասին։ ԱԽ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը և անդրադարձել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցերին: Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում տեղեծված հումանիտար ճգնաժամն ու դրա հետևանքները, ընդգծելով՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման հրամայականը։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ օգոստոսի 3-ին Բաքու կատարած այցի ընթացքում ԱՄՆ պետդեպի Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդականը հանդիպել է Ադրբեջանի նախագահի և արտգործնախարարի հետ։