Ադրբեջանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ին ուղղված Հայաստանի դիմումը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը քննարկելու համար Անվտանգության խորհրդի նիստ անցկացնելու խնդրանքով անվանել է «Անվտանգության խորհուրդը սեփական մանիպուլյացիաների գործիք դարձնելու փորձ»։ Բաքուն հայտարարել է, որ ակնկալում է միջազգային հանրության «պատշաճ» արձագանքը Երևանի գործողություններին։
«Չնայած Ադրբեջանի ինտենսիվ փոխգործակցությանը Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ԿԽՄԿ-ի հետ ստեղծված իրավիճակից ելքեր փնտրելու համար, Հայաստանը միտումնավոր խոչընդոտում է այդ դիվանագիտական ջանքերին։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Հայաստանի դիմումը մանիպուլյացիայի այս արշավի մի մասն է, որը լուրջ հարված է հասցնում ներգրավված կողմերի, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի անդամների ջանքերին»,- ընդգծել են ադրբեջանական գերատեսչությունում։
ԱԳՆ-ն նաև հայտարարել է, որ «վերջին օրերին Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով մեծ քանակությամբ զենք, զինտեխնիկա և անձնակազմ է կուտակվել՝ հերթական ռազմական արկածախնդրության համար»։ «Հայաստանի գործողությունները ցույց են տալիս, որ այդ երկիրը չի հրաժարվում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից և միայն խոսքով է ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,- ասված է ադրբեջանական գերատեսչությունում։
Հայաստանն օգոստոսի 11-ին դիմել է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդ (ՄԱԿ ԱԽ)՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության հարկադրված լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման հարցով արտահերթ նիստ գումարելու պահանջով:
Հունիսի 15-ից ադրբեջանական կողմը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ թույլ չտալով մարդասիրական ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները, ինչպես նաև արգելել է ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը։ Հուլիսի 26-ին Երևանից Արցախ է ուղարկվել 19 բեռնատար՝ 400 տոննա մարդասիրական բեռով, մասնավորապես՝ ալյուր, կարագ, մանկական սնունդ, մակարոնեղեն և առաջին անհրաժեշտության ապրանքներ։ Ավելի ուշ հայտնել էինք, որ «Սնունդ կյանքի համար» 400 տոննա մարդասիրական օգնությամբ բեռնատարների շարասյունը գտնվում է Կոռնիձորի սահմանային հատվածում։ Ադրբեջանի ԱԳՆ-ն «սադրանք» է անվանել Հայաստանի կողմից Արցախ մարդասիրական օգնություն ուղարկելը և թույլ չի տալիս հումանիտար բեռների մուտքն Արցախ։