Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը տարածաշրջանում տիրող իրավիճակը քննարկել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ։
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ երկրի ԱԳՆ-ին հղումով, կողմերը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը։ Բայրամովն ընդգծել է «Ադրբեջանի ներքին գործերին Հայաստանի միջամտության անթույլատրելիությունը»։
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը նաև հեռախոսով քննարկել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմի հետ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ Բայրամովը «ամերիկյան կողմի ուշադրությանն է ներկայացրել Ադրբեջանի ներքին գործերին Հայաստանի միջամտության անթույլատրելիությունը»։ Նա նաև հայտարարել է, որ Բաքվի հավատարմությունը հարաբերությունների կարգավորման օրակարգին «չի ազդում երկրի իրավունքի վրա՝ կանխելու Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ որևէ սպառնալիք»:
Օգոստոսի 31-ին Իգոր Խովաևը Երևանում էր, որտեղ հանդիպեց արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Պարույր Հովհաննիսյանին։ Հայաստանի ԱԳՆ-ից հայտնում են, որ կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ծագած հումանիտար ճգնաժամը, ինչպես նաև դրա հաղթահարմանն ուղղված ջանքերը։ Վերահաստատվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին հավատարիմ մնալու և Լաչինի միջանցքի գործունեությունը վերսկսելու անհրաժեշտությունը։
Ռուս դիվանագետը հանդիպել է նաև Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ՝ նրա հետ քննարկելով տարածաշրջանում անվտանգության իրավիճակը և, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։