Ադրբեջանի ԱԳՆ-ն «անընդունելի» է անվանել սեպտեմբերի 9-ին նշանակված Արցախի նախագահական ընտրությունների անցկացումը։ Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել են Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը և երկրի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
ԶԼՄ-ները հայտնել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կանգնած է «լուրջ մարտահրավերների» առաջ։ Բաքուն կրկին մեղադրել է Երևանին «Ադրբեջանի տարածքում անջատողականություն պահպանելու», հայկական զինված ուժերը Լեռնային Ղարաբաղում տեղակայելու, ինչպես նաև Ստեփանակերտին աջակցություն ցուցաբերելու մեջ։
ԱԳՆ-ն սեպտեմբերի 9-ին նշանակված նախագահական ընտրությունները որակել է «չափազանց սադրիչ քայլ»։ «Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նման բացահայտ խախտումն անընդունելի է ցանկացած պարագայում», – ասվում է գերատեսչությունում։ Բաքուն նաև ասել է, որ կան «սպառնալիքներ և ռիսկեր», որոնք բխում են Հայաստանի «անպատասխանատու և ապակառուցողական» պահվածքից և Երևանի կողմից «նման գործողությունները կանխելու համար միջոցներ ձեռնարկելու» անհրաժեշտությունից։