Բաքուն Երևանին է հանձնել խաղաղության համաձայնագրի նախագիծը, Sky News Arabia-ի եթերում ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։ Նա հավելել է, որ Եվլախում բանակցությունները կարող են հանգեցնել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։
«Հանդիպմանը քննարկվել են Ղարաբաղի հայերի վերաինտեգրման ձևաչափերը: Մենք կարծում ենք, որ այս երկխոսությունը կարող է դրական ազդեցություն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի վրա»,- ասել է նա։
Ըստ պաշտոնյայի՝ երկու երկրներն սկսել են քննարկել խաղաղության պայմանագիրը, որը կարող է վերջ դնել տասնամյակների ճգնաժամին և թշնամությանը:
Եվլախում այսօր տեղի է ունեցել Արցախի և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը։ Հայկական պատվիրակությունը գլխավորել է Արցախի ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Մելքումյանը։ Ադրբեջանը բանակցություններում ներկայացրել է պատգամավոր Ռամին Մամեդովը։
Սեպտեմբերի 13-ին Միրզոյանը հատարարել էր, որ Հայաստանն ստացել է խաղաղության պայմանագրի հայկական առաջարկների պատասխանն Ադրբեջանից։
Հունիսի 1-ին Քիշնևում կայացած հնգակողմ հանդիպումից հետո ԵԽ ղեկավար Շառլ Միշելը հայտարարել էր, որ մտադիր է կրկին հրավիրել նախագահ Ալիևին, վարչապետ Փաշինյանին, կանցլեր Շոլցին և նախագահ Մակրոնին՝ Իսպանիայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ հանդիպման շրջանակում։