Թեհրանը ողջունում է Երևանի և Բաքվի միջև հակամարտությունների վերացումը, Իրանը դեմ է միջազգային և աշխարհաքաղաքական սահմանների ցանկացած փոփոխության, IRNA-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին։
Անդրադառնալով «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանի վերջին դիտարկումներին, նա ասել է․ «Իրանը ձգտում է զարգացնել տրանսպորտային ցանցերը, որոնք շահավետ կլինեն տարածաշրջանի բոլոր երկրների համար, միևնույն ժամանակ Իրանը դեմ է միջազգային սահմանների փոփոխությանը»։
Խոսելով Արցախի մասին՝ Իրանի ԱԳ ներկայացուցիչն ասել է, որ «Իրանն աջակցում է այդ օկուպացված տարածաշրջանի ամբողջական վերադարձին Ադրբեջանին»։
Անդրադառնալով հարցին, թե ինչ ծրագրեր ունի Իրանը ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի համար մարդասիրական միջոցներ ձեռնարկելու մասով, նա նշել է, որ Իրանի Կարմիր մահիկի ընկերության կողմից նման ծրագրի վերաբերյալ մանրամասներ կհրապարակվեն։
Նա խոսել է նաև ՀՀ ԱԽ քարտողար Արմեն Գրիգորյանի՝ Թեհրան կատարած այցի մասին։
«Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ վերջերս Իրան կատարած այցը տեղի է ունեցել երկու հարևան երկրների միջև բանակցությունների ու շփումների շարունակման շրջանակներում՝ երկկողմ հարաբերությունների և կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների վերանայման նպատակով։ Նման այցերի միջոցով Իրանն իր տեսակետն է արտահայտում կովկասյան տարածաշրջանում հակամարտությունները տարածաշրջանային հնարավորությունների միջոցով լուծելու վերաբերյալ»,-հավելել է նա։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով՝ վերջին տվյալներով՝ կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։ Արցախից բռնի տեղահանվել ու Հայաստան է տեղափոխվել 100 514 անձ, հաշվառվել է 85 975 անձ (86%-ը)։
Սեպտեմբերի 25-ին Արցախի «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Armenia Today-ին հայտնել էր, որ Ստեփանակերտի հարակից տարածքում գտնվող բենզինի պահեստում, որտեղից բենզին էին տրամադրում սեփական մեքենանաներով Արցախից հեռացող քաղաքացիներին, պայթյուն է տեղի ունեցել։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ի տվյալներով, փրկարարները աղետի տարածքից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: