Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու յուրաքանչյուր բաց թողնված օրը Հայաստանին ավելի է մոտեցնում կորուստների, ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, հայտարարել է Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովը։
Ուսուբովը նշել է, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից ամենամեծ վնասը կրել և մինչ օրս կրում է հենց հայ ժողովուրդն ու Հայաստանը»։
Նա Հայաստանի ղեկավարությանն ուղղված մեղադրանքներ է հնչեցրել։
«Հայաստանի ղեկավարները երկիրը դատապարտեցին մեծ զրկանքների և խորը ճգնաժամի։ Հայաստանը գտնվում է անդառնալի և վերջնական սնանկության շեմին։ Հայ հասարակության շրջանում նոր էջ բացելու կոչերի աճող թիվը հույս է ներշնչում, որ այդ երկիրն անկեղծորեն կաշխատի խաղաղ համաձայնագրի շուտափույթ ստորագրման ուղղությամբ»,-ասել է Ադրբեջանի ԱԽ ղեկավարը։
Ուսուբովն ընդգծել է, որ այժմ Հայաստանին անհրաժեշտ է ավարտին հասցնել սահմանազատման և սահմանագծման գործընթացը, խաղաղության պայմանագրի ստորագրումը:
«Ադրբեջանն ամբողջությամբ ապահովել է իր տարածքային ամբողջականությունը, մեր սահմանները լիարժեք վերահսկողության տակ են»,- եզրափակել է նա։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով, վերջին տվյալներով, 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա) կա։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: