Ադրբեջանցի զինվորականներ են հեռացվել բանակից՝ TikTok սոցիալական ցանցից օգտվելու պատճառով, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ-ին։
Նշվում է, որ մի քանի զինվորականներ ծառայության ընթացքում օգտագործել են սմարթֆոններ և իրենց անձնական հաշիվներում կիսվել ծառայության հետ կապված լուսանկարներով և տեսանյութերով։
Նշված զինծառայողների մի մասը բանակից հեռացվել է ՊՆ համապատասխան հրամաններին ու ղեկավարության ցուցումներին հակասող գործողությունների համար, իսկ մյուսները ենթարկվել են խիստ կարգապահական պատասխանատվության։
Գերատեսչությունը նշել է, որ ապագայում լուրջ միջոցներ կձեռնարկվեն զինվորականների նկատմամբ, ովքեր կոպտորեն կխախտեն զինվորական էթիկայի կանոնները, ինչպես նաև կանոնադրության և համապատասխան հրամանների պահանջները։
Ըստ այդմ՝ ադրբեջանական բանակում կխստացվեն հատկապես բջջային հեռախոսների օգտագործման կանոնները։ Նշվում է, որ արդեն իսկ պատրաստվել են օրենսդրության փոփոխության նոր առաջարկներ։