Հայաստանի Հանրապետությունը շահագրգռված է տարածաշրջանում բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ և հետագա զարգացմամբ, Թեհրանում կայացած «3+3» ձևաչափով հանդիպման շրջանակներում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Հայաստանի Հանրապետությունը, լինելով դեպի ծով ելք չունեցող պետություն, շահագրգռված է տարածաշրջանում բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ և հետագա զարգացմամբ։ Պետությունների ինքնիշխանության և իրավազորության հարգման, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է մաս դառնալ տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերին։ Մենք կարծում ենք, որ հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք տրանսպորտային ուղիների հատումը մեր տարածաշրջանում և այդ թվում՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում, յուրօրինակ «խաղաղության խաչմերուկ» կարող է դառնալ մեզ բոլորիս համար»,- Միրզոյանի խոսքերն է մեջբերում ՀՀ ԱԳՆ-ն։
Հաղորդվում է, որ հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ կան խնդիրներ, շատ բարդ խնդիրներ, կա պատմություն, և այդ խնդիրները պետք է հասցեագրվեն, այլապես տարածաշրջանը դատապարտված կլինի ընդմիշտ մնալ անցյալում՝ հավելելով, որ առկա խնդիրների կարգավորումը կարող է տարածաշրջանում ապահովել համագործակցային մթնոլորտ՝ որպես զարգացման կարևոր երաշխիք։
Գերատեսչության փոխանցմամբ՝ ընդգծելով, որ ապագայի ծրագրերը հնարավոր չի լինի կյանքի կոչել, եթե տարածաշրջանային համակեցության՝ միջազգային իրավունքով սահմանված կարմիր գծերը չհարգվեն բոլորի կողմից՝ Արարատ Միրզոյանը որպես ուղենիշ նշել է ՄԱԿ կանոնադրության նպատակներն ու սկզբունքները և ի մասնավորի ուժի և ուժի սպառնալիքի կիրառման բացառումը, պետությունների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, սահմանների անքակտելիության սկզբունքները, ինչպես նաև մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը։
«Ընդ որում, կարևոր է հավատարմությունն այս սկզբունքներին ինչպես մեր գործողություններում, այնպես էլ մեզանից յուրաքանչյուրի հռետորաբանության մեջ։ Ագրեսիվ և սպառնալիքներով լի հռետորաբանության պայմաններում դժվար է պատկերացնել նպաստավոր մթնոլորտի ստեղծում, որը թույլ կտա կյանքի կոչել տարածաշրջանային հավակնոտ նախագծեր։ Հայաստանն, իր հերթին, հավատարիմ է այս սկզբունքներին»,- ասել է նա։
Նախարար Միրզոյանն իր խոսքում նշել է նաև, որ ՀՀ-ն կարևորում է հատկապես երկաթուղային ենթակառուցվածքների՝ միմյանց ինտեգրման գործընթացը, այդ թվում՝ անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցման կամ վերագործարկման միջոցով։
«Հայաստանի Հանրապետությունը շահագրգիռ է Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապ ունենալ Իրանի, Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի հետ՝ փոխադարձության սկզբունքով ապահովելով իր տարածքով անցնող երկաթուղու հասանելիությունը տարածաշրջանային մյուս երկրների, ինչպես նաև այլ միջազգային անցման համար։ Այս համատեքստում ոչ պակաս կարևոր է նաև Գյումրի-Կարս երկաթգծի վերագործարկումը, ինչպես նաև Հյուսիս-Հարավ նախագծի մի ճյուղի՝ Հայաստանի տարածքով անցկացումը»,- հավելել է ՀՀ ԱԳ նախարարը։
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն մանրամասներ էր ներկայացրել տեղի ունեցած հանդիպումից՝ հայտնելով, որ «3+3» ձևաչափով տարածաշրջանային պլատֆորմի հաջորդ հանդիպումը կկայանա Թուրքիայում։ Հանդիպման շրջանակներում Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել էր, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում պատերազմը «ավարտվել է», իսկ ՌԴ ԱԳ նախարարը նշել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը, «մեծ հաշվով», լուծվել է։