Հայաստանի վարչապետ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ առավելություն չի տեսնում Հայաստանում ռուսական ռազմակայանների առկայության մեջ։ Նա նաև կոչ է արել կենտրոնանալ Անկարայի և Բաքվի հետ հարաբերությունների վրա։
The Wall Street Journal-ին տված հարցազրույցում նա նշել է, որ Հայաստանը նոր գործընկերներ է փնտրում, քանի որ Մոսկվան չի կատարել դաշնակցի իր պարտավորությունները, հատկապես սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի գրավման ժամանակ։
«Այս իրադարձություններն, ըստ էության, մեզ հանգեցրին այն որոշմանը, որ մենք պետք է դիվերսիֆիկացնենք մեր անվտանգության հարաբերությունները, և մենք հիմա փորձում ենք դա անել»,- ասել է վարչապետը։ Նա հավելել է, որ դրա պատճառով ինքը որևէ առավելություն չի տեսնում Հայաստանում ռուսական ռազմակայանների շարունակական ներկայության մեջ։
Հարցազրույցում Փաշինյանը մեկնաբանել է նաև իր հասցեին հնչող ռուսական քննադատությունները: Ըստ հրապարակման՝ հարցին, թե արդյոք իրեն մտահոգում են նման հայտարարությունները և մտավախություն ունի, որ Մոսկվան կարող է իրեն հեռացնել իշխանությունից, Փաշինյանը «չի թաքցրել իր հիասթափությունը»։ «Այս մոտեցումը խախտում է բազմաթիվ կանոններ՝ սկսած միմյանց ներքին գործերին չմիջամտելուց և դիվանագիտական կոռեկտությունից»,- ասել է նա։
Փաշինյանը նաև ասել է, որ լավատես է առաջիկա ամիսներին Ադրբեջանի հետ խաղաղ կարգավորման հեռանկարների վերաբերյալ։ Նրա խոսքով, տարածաշրջանի ապագան պետք է լինի վաղուց փակ սահմանների և առևտրային ուղիների, այդ թվում՝ Հայաստանի տարածքով Ադրբեջանի և Թուրքիայի միջև ցամաքային հաղորդակցության բացման մեջ՝ հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։ «Անվտանգությունը պետք է ձեռք բերվի ոչ միայն բանակի, այլ նաև տարածաշրջանային խաղաղության օգնությամբ»,- ասել է վարչապետը։
Ըստ հրապարակման՝ պատասխանելով Ռուսաստանի հետ Հայաստանի պատմական հարաբերությունների մասին հարցին, Փաշինյանը կոչ է արել փոխարենը «կենտրոնանալ իր թուրք հարևանների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների շատ ավելի երկար պատմության վրա»։ «Այդտեղ են բոլոր հարցերը, և այստեղ են բոլոր հարցերի պատասխանները: Մենք նախ պետք է աշխատենք մեր տարածաշրջանային հարաբերությունների բարելավման ուղղությամբ»,- ասաց նա։
Սեպտեմբերին Փաշինյանը ասել էր, որ անվտանգության մեկ կենտրոնից Հայաստանի կախվածությունը ռազմավարական սխալ է։ Վարչապետի խոսքով՝ երկրի իշխանությունները փորձում են դիվերսիֆիկացնել անվտանգության քաղաքականությունը։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ԱՀ պետական համակարգը լուծարելու հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։ Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա), ԼՂ-ից բռնի տեղահանված անձնաց թիվը կազմում է 100․632։