Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Գերմանիայի ԱԳ նախարարն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ իր երկիրն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, խաղաղության պայմանագրի ստորագրմանը և այս համատեքստում Եվրամիության աջակցությամբ իրականացվող Բրյուսելի պլատֆորմին»,- գրում է Trend-ը։
Նշվում է, որ նա հայտարարել է, որ Գերմանիան պատրաստ է օգնություն ցուցաբերել Ադրբեջանի կողմից հումանիտար ականների խնդրի վերացման գործում։
Ավելի վաղ Գերմանիայի ԱԳ նախարարն այցելել էր Արարատի մարզի Որոտան գյուղ և հանդիպել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ, ինչպես նաև ժամանել էր Երասխ համայնք, որտեղ ԵՄ դիտորդները նրան ներկայացրել էին իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի այդ հատվածում։
Բերբոքը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Գերմանիան 9․3 միլիոն եվրոյի հումանիտար օգնություն կտրամադրի Հայաստանին՝ որպես աջակցություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց։