Թուրքիայում ցուցարարները փորձել են ներխուժել ամերիկյան ռազմաբազա, հայտնել են թուրքական լրատվամիջոցները։
Նշում են, որ Ադանա քաղաքում ոստիկաններն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմ, ովքեր փորձել են ներխուժել ամերիկյան Ինջիրլիք ռազմաբազա։
Ցուցարարները թուրքական «Մարդու իրավունքներ և ազատություններ» հիմնադրամից են եղել։ Նրանք «Ազատության ավտոշարասյուն Պաղեստինի համար» խորագրով ավտոերթ են կազմակերպել։ Ավտոշարասյունը դուրս է եկել Ստամբուլից և հասել Ինջիրլիք բազա։
Գազայի հատվածում էսկալացիայի ֆոնին ցուցարարներն, ի պաշտպանություն Պաղեստինի, պահանջել են փակել ռազմակայանը։
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի հարավն ու կենտրոնը Գազայի հատվածից տասնյակ հրթիռներով են գնդակոծվել։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտարարել է Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական կործանիչները հարձակվել են ՀԱՄԱՍ-ի վրա։ Հակամարտության սրման հետևանքով երկու կողմերում էլ կան զոհեր և վիրավորներ, որոնց թիվը ժամ առ ժամ փոխվում է։