Եվրահանձնաժողովը Եվրոպական խորհրդին խորհուրդ է տալիս Վրաստանին տրամադրել Եվրամիության անդամության թեկնածու երկրի կարգավիճակ, համատեղ ճեպազրույցում հայտարարել են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարեյը, հայտնում է Gruzia online-ը:
«Վրաստանը պետք է ստանա թեկնածուի կարգավիճակ, քանի որ քայլեր իրականում արվել են: Շնորհավորում եմ», – ասել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:
Վրաստանի վերաբերյալ երաշխավորությանը 9 պայմաններից բաղկացած փաթեթ (վերապահումներ) է կցվել:
Վրաստանին թեկնածու երկրի կարգավիճակ տալու վերաբերյալ վերջնական որոշումն Եվրոպական խորհուրդը կկայացնի դեկտեմբերին։
Ներկայումս ԵՄ անդամության թեկնածու են Հյուսիսային Մակեդոնիան (ներառվել է 2004թ.), Ալբանիան (2009թ.), Սերբիան (2009թ.), Թուրքիան (1987թ.), Չեռնոգորիան (2008թ.), Ուկրաինան (2022թ.), Մոլդովան (2022թ.) և Բոսնիա և Հերցեգովինան (2022թ.):
«Վրացական երազանք»-ի նախագահ Իրակլի Կոբախիձեն 2022 թվականի մարտին հայտարարել էր, որ Վրաստանը դիմում է ներկայացրել Եվրամիությանը՝ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։ Նույն թվականի մարտի 3-ին անդամակցության պաշտոնական դիմումն ստորագրել էր Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Մայիսի 10-ին Իրակլի Ղարիբաշվիլին ԵՄ վարչակազմում ԵՄ պատվիրակության ղեկավար Կառլ Հարցելին էր հանձնել ԵՄ հարցաշարի երկրորդ մասը: