Թեև նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ռուս խաղաղապահները պիտի Ղարաբաղում մնան մինչև 2025 թվականը, սակայն սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններից հետո, երբ Արցախի 100 հազարից ավելի բնակիչներ լքեցին իրենց հայրենիքը, հարցականի տակ դրվեց այնտեղ ռուս խաղաղապահների ներկայությունը: Անգամ լուրեր շրջանառվեցին, թե նրանք նոյեմբերի 1-ին դուրս են գալու Արցախից, գրում է «Հրապարակ»-ը:
Թերթի տեղեկություններով՝ խաղաղապահներին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ ռուսական զորակազմը չի պատրաստվում հեռանալ Արցախից, և որպեսզի դա իրատեսական դառնա, ուղիներ են մտածում տեղահանված արցախցիներին վերադարձնելու ուղղությամբ։ Նույնիսկ հաշվարկներ են արել՝ եթե անգամ 5-10 հազար արցախցի վերադարձնեն իրենց տները, ապա պաշտոնական Բաքուն չի կարող առարկել և տեղի կտա ռուսական կողմի առաջարկին։
«Այժմ բանակցություններ են ընթանում` մինչեւ 2030 թվականը խաղաղապահների՝ Արցախում մնալու հարցի շուրջ։ Օրերս ռուսների խումբ է մեկնել Բաքու և պաշտոնապես փոխանցել այս մտադրությունը։ Բաքուն հետաքրքրվել է՝ ի՞նչ առաքելությամբ պետք է խաղաղապահները մնան Արցախում, ռուսական կողմը չի բացառել, որ մի քանի հազար արցախցիներ կվերադառնան իրենց տները և իրենց կարիքը նորից կզգացվի: Բանակցությունների մանրամասները մեզ հայտնի չեն, սակայն չի բացառվում այս սցենարը` հաշվի առնելով ռուսական կողմի շահագրգռվածությունը և Սամվել Շահրամանյանի` իր հարցազրույցում ասածը, թե աշխատելու են արցախցիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ»,- գրում է թերթը։
Արցախցի պաշտոնյաներից մեկը թերթի հետ մասնավոր զրույցում ասել է, որ թերահավատ է, թե որևէ արցախցի ետ կվերադառնա՝ համաձայնելով ապրել Ադրբեջանին ինտեգրվելու կանոններին։
Նոյեմբերի 6-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի կառավարությանը պաշտոնական հարցում է ուղարկել՝ Ստեփանակերտի հայ բնակչության վերադարձի խնդրով։ Այս մասին հայտարարել էր Ադրբեջանի Սոցիալական հետազոտությունների կենտրոնի խորհրդի նախագահ Զահիդ Օրուջը։ Ադրբեջանցի պաշտոնյան արձագանքել էր Հայաստանի վարչապետի անունից ներկայացված ենթադրյալ դիմումին՝ հարցնելով. իսկ Փաշինյանը պատրա՞ստ է, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիներին» (Հայաստանի ողջ տարածքն Ադրբեջանում անվանվում է Արևմտյան Ադրբեջան) կոչ անել՝ վերադառնալ Երևան, Սևան և Սյունիք»։