Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստանը մեծ սխալ է թույլ տվել՝ հրաժարվելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքից», հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Հայաստանը հրաժարվեց և շարունակում է հրաժարվել իր պարտավորությունների կատարումից, այն է՝ Ադրբեջանի հիմնական հատվածից Նախիջևան երթուղու տրամադրումը։ Սա նրանց ընտրությունն է, կարծում եմ, որ նրանք մեծ սխալ թույլ տվեցին»,- ասել է Ալիևը Տաշքենդում՝ Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 16-րդ գագաթնաժողովի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ։
Երկու երկրների ղեկավարները քննարկել են հարավկովկասյան տարածաշրջանում անվտանգության հարցերը և Իրանով Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող երթուղու կառուցումը, հաղորդում է Իրանի նախագահի մամուլի ծառայությունը։
«Կողմերը նշել են, որ տարածաշրջանի անվտանգությունը հնարավոր է միայն ներտարածաշրջանային համագործակցության միջոցով, և Արևմուտքի ցանկացած միջամտություն որակել են որպես տարածաշրջանի երկրներին վնաս պատճառող»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ռայիսին պաշտպանել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Լեռնային Ղարաբաղի (օկուպացված) տարածքի հետ միասին և հայտարարել է Իրանի պատրաստակամության մասին՝ մասնակցելու այս տարածաշրջանի վերականգնմանը։