Հայաստանը չի կատարել «Արևելյան Զանգեզուրի» և Նախիջևանի միջև կապ ստեղծելու իր պարտավորությունները, այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումայի հետ հանդիպմանը, փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
«Հայաստանը չի կատարել 44-օրյա պատերազմից հետո ստորագրված 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարությունից բխող պարտավորությունները․ դուրս չի բերել իր զինված ուժերը Ղարաբաղի տարածքից։ Բացի այդ, Հայաստանը չի կատարել Արևելյան Զանգեզուրի և Նախիջևանի միջև կապ ստեղծելու իր պարտավորությունները»,- ասել է Ալիևը։
Միաժամանակ, նա նշել է, որ հարավկովկասյան տարածաշրջանում ի հայտ են եկել նոր իրողություններ և որ ներկայումս տարածաշրջանում խաղաղության օրակարգի համար շատ լավ հնարավորություններ կան։
«Ադրբեջանը Հարավային Կովկասում կայուն խաղաղության կողմնակից է և աջակցում է տարածաշրջանային խաղաղության օրակարգին, հարաբերությունների կարգավորմանը և Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,- նշել է նա։
Ալիևն ընդգծել է, թեև Ադրբեջանը ներկայում ներկայացնում է համակեցության և վերադարձի իրավունքի վերաբերյալ հստակ և թափանցիկ ծրագիր, Հայաստանը «ժխտում է ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու իրավունքը և որևէ տեսակետ չի ներկայացրել այս առնչությամբ»։
Հանդիպմանը նշվել է, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը կարող է արդյունավետ հարթակ դառնալ Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների միջև վստահության ձևավորման համար։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ թեև կողմերը մոտ են խաղաղությանը, բայց Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի։ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ հայտնել էր, որ Հայաստանը պատրաստ է Բրյուսելում կնքել խաղաղության պայմանագիր։ Նա ընդգծել էր, որ այս պահին ՀՀ իշխանության հիմնական մոտեցումների թվում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի հստակեցումն է։
Հոկտեմբերի 5-ին Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտնել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել է Բրյուսել՝ հոկտեմբերի վերջին նախատեսված հանդիպմանը: Ավելի ուշ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանն ու Բաքուն նախապես պատրաստակամություն են հայտնել առաջիկայում հանդիպում անցկացնել Բրյուսելում:
Հոկտեմբերի 25-ին Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ամսվա վերջին Բրյուսելում չեն հանդիպի ժամանակի սղության պատճառով: Նույն օրը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կանադացի գործընկեր Մելանի Ժոլիի հետ Երևանում կայացած համատեղ մամուլի ասուլիսում Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման չեղարկման պատճառի մասին հարցին ի պատասխան ասել էր, որ Ադրբեջանի նախագահը «ժամանակ չի գտել»: Միրզոյանը հույս էր հայտնել, որ խնդիրն իսկապես դա է, և «շուտով հնարավոր կլինի պայմանավորվել հանդիպման նոր ժամկետների մասին»։ Նա վերահաստատել էր բանակցությունների Հայաստանի պատրաստակամությունը։
Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը և քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Armenia Today-ի հետ զրույցում խոսել էին Հայաստան-Ադրբեջան բանակցությունների առկա և հնարավոր նոր ձևաչափերի արդյունավետության մասին։