Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են ընդդիմադիր գիտնական և քաղաքական ակտիվիստ Գուբադ Իբադօղլուի ձերբակալությունը, ով ասել է, որ դեպի Եվրոպա գազի մատակարարումներն ավելացնելու Բաքվի խոստումներն անիրատեսական են, հաղորդում են տեղական լրատվամիջոցները:
Իբադօղլուն կալանավորվել էր հուլիսի 23-ին՝ կեղծ փողերի ապօրինի շրջանառության մեղադրանքով, սակայն որոշ իրավապաշտպան կազմակերպություններ նրա ձերբակալությունը կապում էին երկրի իշխանությունների հասցեին քննադատության հետ։ «Foreign Policy Review»-ի հոդվածում Իբադօղլուն ռուսական գազի ներմուծումն ադրբեջանականով փոխարինելն անվանել է «մոտ ապագայում չիրականացվող երազանք»:
«Եվրոպա գազի մատակարարումների ավելացման ծրագրերը, ամենայն հավանականությամբ, կխաթարվեն Ադրբեջանի աճող ներքին պահանջարկի (արդյունաբերական կարիքների համար հավելյալ գազ և բնակելի տարածքների գազաֆիկացում) և գազի արդյունահանման դանդաղ տեմպերի պատճառով», – ասվում է հոդվածում:
Ըստ Իբադօղլուի՝ գազի ներքին պահանջարկի աճը, ի թիվս այլ բաների, բացատրվում է 2020 թվականին Արցախյան պատերազմից հետո նոր տարածքների բռնակցմամբ և դրա արդյունքում երկրի տնտեսության փոփոխություններով։ Իբադօղլուն նշել է, որ մինչև 2027 թվականը Ադրբեջանից արտահանումը ԵՄ կարող է աճել մինչև մոտ 15 միլիարդ խորանարդ մետր, ինչը կբավարարի ԵՄ շուկաների պահանջարկի միայն մի փոքր մասը։
«Անցյալ տարի Ադրբեջանի կողմից ԵՄ շուկա մատակարարված բնական գազը կազմել է իր սպառած ծավալի 2,35%-ը, իսկ 2021 թվականին՝ եվրոպական շուկա ներկրված ռուսական գազի 7,35%-ը»,- հիշեցրել է նա։ Այս առումով, Բաքվի համար մինչև 2027 թվականը Եվրոպայի հանդեպ ստանձնած պարտավորությունները կատարելու միակ իրական ճանապարհը կլինի Ռուսաստանից և Թուրքմենստանից հավելյալ գազ գնելը, կարծում է Իբադօղլուն։ Գիտնականը, սակայն, նման որոշումը հակաարդյունավետ է անվանել՝ հաշվի առնելով ԵՄ-Ադրբեջան էներգետիկ հուշագրի քաղաքական ֆոնը։
2023 թ. հունվար-սեպտեմբերին Ադրբեջանից ԵՄ երկրներ է ներկրվել ավելի քան 4,5 մլրդ եվրո արժողությամբ գազ։
Նոյեմբերի սկզբներին ֆրանսիական Valeurs ամսագիրը գրել է, որ ԵՄ-ն ֆինանսավորում է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումները Ադրբեջանից գազի գնման միջոցով։ The Guardian-ն էլ գրել էր, որ բրիտանական British Petroleum (BP) նավթագազային ընկերության` Ադրբեջանում հանածո վառելիքին առնչվող նախագծերն օգնել են ֆինանսավորել Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական ագրեսիան և տեղի հայերի էթնիկ զտումները: