Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն սպասում է Երևանի պատասխանին երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի առաջարկի վերաբերյալ իր մեկնաբանություններին։
«Մենք մի քանի անգամ առաջարկներ ենք փոխանակել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ, սակայն այժմ սեպտեմբերի 11-ից ավելի քան երկու ամիս սպասում ենք, որ Հայաստանի կառավարությունը պատասխանի մեզ։ Կցանկանայինք իմանալ նրանց կարծիքը այս մեկնաբանությունների վերաբերյալ։ Բայց մենք այդպես էլ պատասխան չստացանք»,- Ալիևի խոսքերն են մեջբերում ադրբեջանական լրատվամիջոցները։
Նրա խոսքով՝ պատճառն այն է, որ Երևանը «վատ խորհուրդներ է ստանում, մասնավորապես՝ Ֆրանսիայից»։ Ալիևը Ֆրանսիայի դերը Հարավային Կովկասում «շատ կործանարար» է անվանել։ Նա հայտարարել է, որ «իրականում Հայաստանը դարձել է ֆրանսիական կառավարության խամաճիկը, և դա կարող է լուրջ սպառնալիք դառնալ տարածաշրջանային կայունության համար»։
«Ֆրանսիայի կառավարության սխալ հաղորդագրությունները իրականում պատրանքներ են ստեղծում Հայաստանի կառավարության և, հնարավոր է, Հայաստանի հանրային կարծիքի մոտ, որ նրանք կարող են կրկին ռազմական ագրեսիա սկսել Ադրբեջանի դեմ»,- ասել է Ալիևը։
Նրա խոսքով, Ֆրանսիայից մատակարարվող զենքը «չի օգնի Հայաստանին, եթե նա որոշի նոր պատերազմ սկսել»։ «Արդյունքը նույնն է լինելու, և ոչ ոք նրանց չի օգնի։ Ուստի կարծում եմ, որ որքան շուտ Հայաստանից պատասխան ստանանք մեր մեկնաբանություններին, այնքան լավ»,- ասել է Ադրբեջանի նախագահը։