Դիմակը հանված է, Ադրբեջանում USAID-ի գործունեության համար այլևս տեղ չկա, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ անդրադառնալով ԱՄՆ ՄԶԳ զեկավար Սամանթա Փաուերի հայտարարությանը։
Վերջինս, հայտնելով Լեռնային Ղարաբաղից ներքին տեղահանվածներին ԱՄՆ-ի կողմից լրացուցիչ օգնություն հատկացնելու մասին, մասնավորապես հայտարարել էր, որ «երկու ամիս առաջ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողությունը ստիպեց հեռանալ ավելի քան 100 հազար մարդու. իրենց տները և տեղափոխվել հարևան Հայաստան»։ Փաուերն ընդգծել էր, որ Միացյալ Նահանգները «շարունակում է աջակցել Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերին»։
Միևնույն ժամանակ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն Փաուերին մեղադրել է Ադրբեջանի նկատմամբ երկակի ստանդարտների և անարդար վերաբերմունքի մեջ։
«Ադրբեջանի Ղարաբաղի շրջանից հայ բնակիչների միգրացիան Հայաստան ներկայացնելու փորձը (Սամանթա Փաուերի) անհիմն է և անարդար։ Սա երկակի ստանդարտների, ընտրովի մոտեցման և Ադրբեջանի նկատմամբ անարդար վերաբերմունքի հերթական ցուցադրումն է»,- գրել է Հաջիզադեն։
Ավելի վաղ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) միջոցով հայտարարել էր ավելի քան 4,1 միլիոն դոլարի հավելյալ մարդասիրական օգնության մասին Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար։ «Այս հավելյալ աջակցությամբ ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցում է Հայաստանում ապաստանած Լեռնային Ղարաբաղից գրեթե 74,000 խոցելի փախստականների և տեղահանվածների համար հրատապ անհրաժեշտ մարդասիրական օգնություն տրամադրելու ջանքերին»,- ասված էր հաղորդագրության մեջ: