Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հինգերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Հաղորդում են, որ կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը, անդրադարձել են կազմակերպչական և ընթացակարգային մի շարք հարցերի:
«Կողմերը պայմանավորվել են սկսել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության վերաբերյալ կանոնակարգի նախագծի համաձայնեցման աշխատանքները, ինչպես նաև համաձայնության են եկել ակտիվացնել հանձնաժողովների հանդիպումների անցկացումը»,- փոխանցում են ՀՀ ԱԳՆ-ից:
Ավելի վաղ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից Armenia Today-ին հայտնել էին, որ Իջևանի ու Ղազախի հատվածում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը: