Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ճնշումներ է գործադրում անկախ լրատվամիջոցների նկատմամբ, որոնք բացահայտում են երկրում կոռուպցիայի բարձր մակարդակը, գրում է The Washington Post-ը՝ մեկնաբանելով Abzas Media-ի լրագրողների վերջին ձերբակալությունները։
«Ադրբեջանում, մի երկրում, որը կառավարվում է ավտորիտար ռեժիմի կողմից, այդ մասին հաղորդելու համար պահանջվեց Abzas Media-ի անկախ լրագրողների հնարամտությունն ու քաջությունը: <…> Այս ամիս լրագրողները վճարեցին իրենց խիզախության համար»,- գրել է թերթի խմբագրությունը։ The Washington Post-ը հիշեցրել է, որ նոյեմբերի 20-ին իրավապահները ձերբակալել են Abzas Media-ի տնօրեն Ուլվի Հասանլիին, հաջորդ օրը՝ գլխավոր խմբագիր Սևինջ Վագիֆգիզիին, ով հետաքննում էր Ալիևի և նրա ընտանիքի անդամների մասնակցությունը կոռուպցիոն գործարքներին, իսկ նոյեմբերի 30-ին՝ կայքի մեկ այլ լրագրող Նարգիզ Աբսալամովան։
Abzas Media-ն զբաղվում էր չվճարվող ընկերությունների, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի և այլ քաղաքական գործիչների հարստության մասին նյութերի հրապարակմամբ։ Նրանց վերջին հոդվածը վերաբերում էր Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավարի ընտանիքի անդամների բիզնեսին։ Թերթն ընդգծել է, որ բոլոր լրագրողները բերման են ենթարկվել շինծու և անհիմն գործերով, որոնց նպատակը ռեժիմի քննադատներին վախեցնելն է։
«Դատախազությունն ասել է, որ լրագրողները նպատակ ունեին ապօրինաբար խոշոր գումարներ տեղափոխել Ադրբեջան։ Եթե մեղավոր ճանաչվեն, նրանց սպառնում է մինչև ութ տարվա ազատազրկում: Լրագրողները հերքել են մեղադրանքները և նշել, որ իրենց հետապնդում են իրենց աշխատանքի համար»,- բացատրվում է հոդվածում։
Հուլիսին Ադրբեջանի իշխանությունները ձերբակալել էին նաև ընդդիմության առաջնորդ և գիտնական Գուբադ Իբադօղլուին։ Նրան մեղադրում էին կեղծ փողերի թրաֆիքինգի մեջ, սակայն իրավապաշտպան կազմակերպությունները նրա ձերբակալությունը կապում էին երկրի իշխանությունների քննադատության հետ։ Նոյեմբերին Բաքուն երեք ամսով երկարաձգել էր նրա կալանքը։ Իբադօղլուի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական ագրեսիայի նպատակներից մեկը Ալիևի անձնական հարստացումն էր հայերից խլված տարածքների հաշվին։
Freedom House իրավապաշտպան կազմակերպության «Ազատությունն աշխարհում» զեկույցում Ադրբեջանը ստացել էր 9 միավոր 100-ից, իսկ «Անցումային փուլում գտնվող երկրները»՝ 1.07 միավոր 7-ից: Կազմակերպությունն Ադրբեջանը ճանաչել էր որպես «կոնսոլիդացված ռեժիմ»։