Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է նպաստել տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացին՝ «հաշվի առնելով նոր իրողությունները»։ Այս մասին նա ասել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենի հետ հանդիպմանը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ալիևի մամուլի ծառայությանը։
Ալիևը նաև նշել է, որ Վաշինգտոնն ու Բաքուն ունեն «հարաբերությունների հարուստ պատմություն»։ Նշվում է, որ Ադրբեջանի նախագահն անդրադարձել է էներգետիկ ոլորտում համագործակցությանը, Եվրոպայի էներգետիկ անվտանգության մեջ Ադրբեջանի դերին և Կասպից և Սև ծովերում վերականգնվող էներգիայի ներուժի զարգացմանն ուղղված նախագծերին։
Օ’Բրայենն, իր հերթին, ասել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է Վաշինգտոնում շարունակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները։ Նա նշել է, որ Վաշինգտոնն աջակցում է տարածաշրջանում խաղաղության օրակարգին և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին։
Պետքարտուղարության խոսնակը նշել է, որ Միացյալ Նահանգների և Ադրբեջանի միջև կապերը «խորը արմատներ ունեն», և երկրները «լավ գործընկերներ» են։ Օ’Բրայենի խոսքով՝ ԱՄՆ-ն աջակցում է Անդրկասպյան տրանսպորտային միջանցքի հայեցակարգի մշակման, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացմանը քննարկումների շարունակմանը։
Ավելի վաղ Բաքուն հրաժարվել էր նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում կայանալիք Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի ղեկավարների հանդիպումից՝ ԱՄՆ-ի «կողմնակալ» դիրքորոշման պատճառով։ Նոյեմբերի 15-ին Օ’Բրայենն ասել էր, որ Վաշինգտոնը բազմիցս ազդանշան է տվել Բաքվին, որ Հայաստանի դեմ ուժի կիրառումն անընդունելի է։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն ի նշան բողոքի չեղարկել է մի շարք բարձր մակարդակի այցեր Ադրբեջան։