Իրանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի համատեղ հայտարարությունը փոխադարձ գործողությունների մասին՝ ներառյալ երկու կողմերից բանտարկյալների ազատումը, հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին:
Նա հավելել է, որ տևական խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է կողմերի միջև ամրապնդել վստահության մթնոլորտը:
«Մենք հուսով ենք, որ այդ միջոցները կհանգեցնեն երկու կողմերի միջև խաղաղության և կայունության։ Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է օգնել երկու երկրներին տարածաշրջանային խաղաղության և անվտանգության գործում»,- ընդգծել է նա։
Երևանն ու Բաքուն դեկտեմբերի 7-ին համատեղ հայտարարություն էին տարածել, ըստ որի՝ Ադրբեջանը ազատ կարձակի 32 հայ զինվորականի, իսկ հայկական կողմն, իր հերթին, երկու ադրբեջանցի զինվորականի։ Կողմերը նաև հաստատել են հարաբերությունները կարգավորելու և ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման վրա հիմնված խաղաղության պայմանագիր կնքելու իրենց մտադրությունը։