Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն և մի շարք ֆրանսիացի այլ քաղաքական գործիչներ դեմ են արտահայտվել 2024 թվականին Բաքվում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի (COP29) անցկացմանը, հաղորդում է La Tribune-ը։ Թերթը հոդվածը հրապարակել է «COP29 Բաքվում. ամոթի և անարգանքի հանդիպում» վերնագրով։ Հրատարակությունը հիշեցրել է, որ Ադրբեջանը դեկտեմբերի 11-ին ընտրվել է որպես COP29-ի հյուրընկալող երկիր։
«Երկրների և համայնքների համար, որոնք պայքարում են գլոբալ տաքացման դեմ՝ հրաժարվելով հանածո վառելանյութերից, սա ակնհայտորեն շատ վատ նորություն է, քանի որ Ադրբեջանի տնտեսության 90%-ը կախված է նավթից և գազից»,- ընդգծել է թերթը։
Իդալգոյից բացի, Ադրբեջանում ՄԱԿ-ի կլիմայական համաժողովի անցկացման դեմ համատեղ նամակը ստորագրել են Ֆրանսիայի Սենատի «Հանրապետական» խմբակցության ղեկավար Բրունո Ռետայոն, Օ դը Ֆրանս շրջանի խորհրդի նախագահ Քսավյե Բերտրանը, Իլ-դե-Ֆրանս շրջանի ղեկավար Վալերի Պեկրեսեն, Օքսիտանիայի շրջանային խորհրդի նախագահ Կարոլ Դելգասը, Մարսելի քաղաքապետի առաջին տեղակալ Միշել Ռուբիրոլան, Մոնպելյեի քաղաքապետ Միքայել Դելաֆոսը և Ստրասբուրգի քաղաքապետ Ժաննա Բարսեղյանը, հայտնում է աղբյուրը։
Դեկտեմբերի 7-ին Երևանը և Բաքուն հայտարարել էին պետությունների միջև վստահության ամրապնդմանն ուղղված պայմանավորվածությունների մասին, որոնց շրջանակներում Հայաստանն աջակցություն էր հայտնել Ադրբեջանի կողմից COP29 համաժողովն ընդունելու հայտին։ The Guardian-ն ավելի ուշ կանխատեսել էր կլիմայի ակտիվիստների դժգոհությունը հանածո վառելիքից կախված Ադրբեջանում ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողովի անցկացման կապակցությամբ: