Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին կարծում է, որ Հարավային Կովկասը չպետք է վերածվի արտատարածաշրջանային երկրների մրցակցության դաշտի, հայտնում է mehrnews.com-ը։ Այս մասին Ռայիսին հայտարարել է դեկտեմբերի 20-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում։
Իրանի ղեկավարը վստահ է, որ առկա խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների կողմից՝ առանց արտաքին ուժերի միջամտության։
«Իրանն աջակցում է տարածաշրջանում հաղորդակցության ուղիների և ենթակառուցվածքների բացման ցանկացած գործողությունների և հարթակների՝ հարգելով բոլոր երկրների ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքը և դա համարում է արդյունավետ քայլ՝ խաղաղության ամրապնդման և հարևանների շահերի ապահովման համար»,- նշել են Իրանից՝ մեկնաբանելով Հայաստանի կառավարության ծրագրերը տարածաշրջանի երկու երկրների միջև ճանապարհային և երկաթուղային ուղիների զարգացման վերաբերյալ։
Ռայիսիի խոսքով՝ Իրանի արտաքին քաղաքականությունը Հարավային Կովկասի նկատմամբ չի փոխվել։ Իրանի նախագահը Թեհրանում «3+3» հանդիպման անցկացումը կառուցողական քայլ է անվանել տարածաշրջանային կապերն ու համագործակցությունն ամրապնդելու և տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունները կարգավորելու համար։
Դեկտեմբերի 20-ին կառավարության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ Փաշինյանը Ռայիսիի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է տարածաշրջանային «3+3» հարթակը, ինչպես նաև հայ-իրանական հարաբերությունների օրակարգը և երկկողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը։