Բաքուն կփորձի օգտագործել ՄԱԿ-ի կլիմայական կոնֆերանսը (COP29)՝ Ադրբեջանում մարդու իրավունքների և բնապահպանական խնդիրների վերաբերյալ իր հեղինակությունը «կանաչեցնելու» համար, գրում է ամերիկյան Newsweek ամսագիրը։
«Սա թույլ է տալիս Ալիևի նման բռնապետերին օգտագործել իրենց բնական ռեսուրսներն անօրինական պատերազմներն ու զինված ագրեսիաները ֆինանսավորելու համար, այնուհետև թաքնվել միջազգային ֆորումների հետևում՝ ընկալվող լեգիտիմություն փնտրելու համար»,- գրում է ամսագիրը:
Հոդվածի հեղինակ Ստեֆան Պեչդիմալջին հիշեցրել է, որ 2020 թվականի պատերազմի ժամանակ Բաքուն օգտագործել է սպիտակ ֆոսֆոր և քիմիական զենք՝ այրելով անտառները, որտեղ խաղաղ բնակիչները թաքնվում էին հարձակումներից։ Նա մեկ այլ հանցագործություն է անվանել, այսպես կոչված, բնապահպանների խմբի գործողությունը 2022 թվականի դեկտեմբերին Լաչինի միջանցքի մոտ, որից հետո Լեռնային Ղարաբաղի հայերը հայտնվել էին իննամսյա շրջափակման մեջ՝ մինչև Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիան և նրանց բռնի գաղթը։ Արցախի որոշ բնակիչներ, սակայն, այն ժամանակ էլ չէին կարողացել ապահով վերաբնակվել Հայաստանում, հավելում է հեղինակը։
«Եվ երբ աշխարհի պետությունների ղեկավարները հանդիպեն՝ քննարկելու, թե ինչպես լուծել կլիմայի փոփոխության խնդիրը, հայ քաղբանտարկյալները, Լեռնային Ղարաբաղի նախկին առաջնորդները, այդ թվում՝ հայ մարդասեր Ռուբեն Վարդանյանը, կնստեն նրանց կողքին՝ ադրբեջանական բանտախցերում», – բացատրել է Պեչդիմալջին:
Հեղինակը հիշեցրել է, որ այս տարվա կլիմայական կոնֆերանսը հյուրընկալած Արաբական Միացյալ Էմիրությունները նույնպես օգտագործել է COP28-ը՝ մարդու իրավունքների և շրջակա միջավայրի վերաբերյալ իր վատ արդյունքները սպիտակեցնելու համար: «ՄԱԿ-ն Ադրբեջանին այս պատիվը տալով սխալ ազդանշան է ուղարկում աշխարհին և խաթարում է տարեկան համաժողովի և ամբողջ կազմակերպության հիմնական առաքելությունն ու ոգին», – եզրափակել է Պեչդիմալգին:
Դեկտեմբերի 7-ին Երևանը և Բաքուն հայտարարել էին պետությունների միջև վստահության ամրապնդմանն ուղղված պայմանավորվածությունների մասին, որոնց շրջանակներում Հայաստանն աջակցություն էր հայտնել Ադրբեջանի կողմից COP29 համաժողովն ընդունելու հայտին։
The Guardian-ն ավելի ուշ կանխատեսել էր կլիմայի ակտիվիստների դժգոհությունը հանածո վառելիքից կախված Ադրբեջանում ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողովի անցկացման կապակցությամբ: Դեկտեմբերին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն և մի շարք այլ ֆրանսիացի քաղաքական գործիչներ դեմ էին արտահայտվել 2024 թվականին Բաքվում COP29-ին հյուրընկալելուն: