Իսրայելական «Ուվդա» ավիաբազայից ադրբեջանական ռազմական բեռնատար ինքնաթիռը նոր բեռներով մեկնել է Բաքու, ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) կապի տնօրեն Ալեքս Գալիցկին։
«Իսրայելը շարունակում է զինել Ադրբեջանին Արցախում էթնիկ զտումներից հետո և Հայաստանի դեմ ուղղված սպառնալիքների ֆոնին, իսկ Գազայի հատվածում իր իսկ անբարեխիղճ ռազմական հանցագործություններն է կատարում»,- գրել է նա X-ում։
Հոկտեմբերի 4-ին ֆրանսիական Intelligence Online հրատարակությունը հայտնել էր, որ Իսրայելի աջակցությունը որոշիչ է եղել սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի իրականացրած օպերացիայի հաջողության հարցում։ Նրա խոսքով, վերջին 10 տարիների ընթացքում Իսրայելն Ադրբեջանին վաճառել է 10 միլիարդ դոլարի զինտեխնիկա։
Սեպտեմբերյան հարձակումից և Լեռնային Ղարաբաղի ամբողջական օկուպացումից հետո Ադրբեջանին զենքի մատակարարումը չի դադարել։ Նոյեմբերին Defense Industry Europe-ին հայտնի դարձավ Իսրայելից 1,2 միլիարդ դոլար արժողությամբ գործարքի շրջանակներում լրացուցիչ Barak MX հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու Բաքվի ծրագրերի մասին: