Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հիմնական վիճելի հարցերը հասցվել են զրոյի, հայտարարել է Ադրբեջանի Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի խորհրդի նախագահ Ֆարիդ Շաֆիևը։
Նա նշել է, որ հարցի վերաբերյալ ճշգրիտ ժամկետ նշելը շատ դժվար է, նրա խոսքով՝ սահմանագծումն ու սահմանազատումը երկար գործընթացներ են և դա, ամենայն հավանականությամբ, չի ներառվի փաստաթղթում։
Շաֆիևն ավելացրել է, որ Հայաստանի հետ որոշակի խնդիրներ կան՝ կապված անկլավների հետ և այն կլուծվի սահմանազատման շրջանակներում։
Նա հայտարարել է, որ «ադրբեջանական 8 անկլավներ գտնվում են օկուպացիայի տակ»: «Հենց բարձրացվեց անկլավների հարցը, հայերն ասացին, որ 1960-1980-ական թվականներին իբր որոշ տարածքներ են փոխանցվել Ադրբեջանին ապօրինաբար, հետևաբար դրանք չեն ճանաչում: 1929 թվականին Նախիջևանի որոշ գյուղեր նույնպես փոխանցվեցին Հայաստանին, այդ դեպքում ինչո՞ւ են քննարկվում 1960-ականների գործընթացները և ոչ թե նախկինում տեղի ունեցածը»,- հարցրել է ադրբեջանցի պաշտոնյան։
Նա ադրադարձել է նաև Իրանի հետ հարաբերություններին և նշել, որ Թավրիզում ՀՀ հյուպատոսության բացումը որոշակի ուղերձ է իրենց համար:
Նոյեմբերի 24-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կա անկլավների, Արծվաշենի հարց: Նրա խոսքով՝ Արծվաշենը Հայաստանի ինքնիշխան տարածք է և չի կարող ուղղակի ասել՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի այս կտորի հետ մենք գործ չունենք:
Նոյեմբերի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ շուրջ 200 քառ կմ ՀՀ տարածք հիմա գտնվում է ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո:
Նոյեմբերի 21-ին Հայաստանը խաղաղության պայմանագրի իր վեցերորդ առաջարկն էր ներկայացրել Ադրբեջանին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 30-ին հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ համաձայնեցվել են խաղաղության պայմանագրի երեք հիմնական սկզբունքները։ Նրա խոսքով՝ երկրները պայմանավորվել են սահմանազատել սահմանը ԽՍՀՄ Գլխավոր շտաբի քարտեզներով՝ թվագրված 1974-1990 թվականներին, ինչպես նաև պայմանավորվել են միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չներկայացնել։