Դեկտեմբերի 30-ին շահագործման է հանձնվել Ադրբեջանի և Իրանի միջև սահմանին նոր կամուրջը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
ԶԼՄ-ների փոխանցմամ՝ բացման արարողությանը մասնակցել են երկու երկրների պաշտոնյաներ։ Առաջին փուլում կկազմակերպվի դատարկ բեռնատարների անցումը նոր սահմանային անցակետով։ Առաջիկա 10 օրերի ընթացքում պայմաններ կստեղծվեն բեռնված բեռնատարների երթեւեկության համար։
Նշվում է, որ Ադրբեջանի և Իրանի միջև Աստարաչայ գետի վրայով նոր կամրջի հիմքը դրվել է 2022 թվականի հունվարին։
Ավելի վաղ Ադրբեջանը հայտարարել էր, որ սկսել էր Իրանով անցնող Զանգեզուրի միջանցքի շինարարությունը։ Հոկտեմբերի 6-ին Թեհրանն ու Բաքուն պայմանավորվել էին կառուցել երկաթուղի և կամուրջներ, որոնք կապում են Նախիջևանը Ադրբեջանի հիմնական տարածքի հետ Իրանի տարածքով։