Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ Անկարան ակնկալում է մինչև 2029 թվականն իրականացնել «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նա հայտարարել է «միջանցքի վերաբերյալ հայկական կողմից հնչող դրական մեսիջների» մասին։ Ուրալօղլուն նշել է, որ երբ նախաձեռնությունն առաջին անգամ է առաջ քաշվել, հայկական կողմը բացասական է արձագանքել։
«Սակայն վերջին շրջանում Փաշինյանի կողմից դրական մեսիջներ էին հնչում այդ միջանցքի վերաբերյալ»,-հայտարարել է թուրք նախարարը:
Նրա խոսքով՝ «Զանգեզուրի միջանցքի հայկական հատվածի երկարությունը կազմում է շուրջ 43 կմ:
«Նրանք պետք է պլանավորում եւ մրցույթներ անցկացնեն, որպեսզի միջանցքն ամբողջությամբ ավարտված համարվի։ Դրանով Թուրքիան ուղիղ և ավելի պարզ ելք կստանա դեպի թյուրքական աշխարհ, Կենտրոնական Ասիայի երկրներ»,-ասել է Ուրալօղլուն։
Նա հայտարարել է, որ «միջանցքի ադրբեջանական հատվածի՝ Բաքվից մինչև Հորադիզ ընկած հատվածի աշխատանքները մոտենում են ավարտին»։ Նրա խոսքով՝ «միջանցքի թուրքական հատվածի երկարությունը կազմում է 224 կմ»: Ընդհանուր առմամբ, թուրք պաշտոնյայի խոսքով, «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման ամողջ գործընթացը կտևի հինգ տարի և կավարտվի 2028 թվականին։ Ուրալօղլուն մեկնաբանել է նաև Իրանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանի և Թուրքիայի հետ կապող երթուղու ստեղծման նախագիծը:
«Մենք իրականացնելու ենք «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը, բայց դեմ չենք, որ Իրանը ևս իր տարածքով Թուրքիայի և Ադրբեջանի միջև այդ կապի մի մասը դառնա»,-ասել է նա:
Վերջինիս խոսքով՝ իրանական կողմի հետ բանակցություններն ու հանդիպումները շարունակվում են, և Անկարան ակնկալում է, որ այդ նախագիծն էլ «ժամանակին կիրականացվի»։