Սուրբ Աթոռում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի անդամներին ուղղված իր ամենամյա «Աշխարհի վիճակն» ուղերձում Հռոմի պապ Ֆրանցիսկոսն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի հակամարտությանը, ինչպես նաև այլ հակամարտություններին և կարևորել անհատների և ազգերի պատասխանատվությունը խաղաղության հաստատման գործում:
Նա խորը մտահոգություն է հայտնել ամբողջ աշխարհում սրվող հակամարտությունների վերաբերյալ և ներկա իրավիճակը բնութագրել որպես «երրորդ համաշխարհային պատերազմ, որը բացահայտորեն անդրադառնում է հատուկ աշխարհաքաղաքական ճգնաժամերին»:
Հռոմի պապը հիշել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ մղված գրեթե երկու տարվա լայնածավալ պատերազմը, որը հանգեցրել է «մեծ թվով զոհերի և զանգվածային ավերածությունների», ինչպես նաև Հարավային Կովկասում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակը՝ փախստականների դրամատիկ իրավիճակով:
Երկու դեպքում էլ նա կոչ է արել բանակցություններ վարել, հարգել միջազգային իրավունքը և կրոնական բազմազանությունը: