Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «ութ գյուղերի հարցը, որոնք այսօր գտնվում են հայկական օկուպացիայի տակ» մշտապես օրակարգում է և քննարկվել է Սանկտ Պետերբուրգում Հայաստանի վարչապետի հետ շփումների ժամանակ։
«Այս հարցը քննարկվում է նաև Հայաստանի վարչապետի հետ իմ շփումների ժամանակ։ Այդ թվում՝ Սանկտ Պետերբուրգում «ոտքի վրա» զրույցի ժամանակ ես բարձրացրել եմ այդ հարցը»,- Ալիևի խոսքերն են մեջբերում ադրբեջանական լրատվամիջոցները։
Նա հաստատել է, որ հունվարին կկայանա երկու երկրների սահմանների սահմանազատման հանձնաժողովի նիստը։ Ալիևի խոսքով, հանդիպման ընթացքում կքննարկվի միայն մեկ հարց՝ «Ղազախ-Թովուզի շրջանի սահմանազատման հարցը»։
Ալիևը նաև ընդգծել է, որ Բաքուն մտադիր չէ հայ-ադրբեջանական սահմանից զորքերի հայելային դուրսբերում իրականացնել՝ նշելով, որ իրեն «մի քանի գործընկերներ խնդրել են հայելային տեսքով զորքերը դուրս բերել»։
«Մենք ոչ մի տեղ չենք գնալու, ոչ մի քայլ չենք շարժվի ոչ 2021 թվականի մայիսի, ոչ էլ 2022 թվականի սեպտեմբերի դիրքերից, քանի որ սահմանը պետք է հստակեցվի»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
Ադրբեջանի նախագահն անդրադարձել է նաև Զանգեզուրի միջանցքին՝ նշելով, որ եթե միջանցքը ստեղծվի, ապա Ադրբեջանից մարդիկ և բեռները «պետք է անցնեն առանց որևէ ստուգման»։ «Եթե իմ նշած երթուղին բաց չէ, ապա մենք մտադիր չենք բացել Հայաստանի հետ սահմանն այլ վայրում»,- ասել է նա։
Հունվարի 8-ին ՀՀ ԱԽ քարտուղարը հայտնել էր, որ հունվարի 4-ին հայկական կողմը պատասխանել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկներին և որ համաձայնություն կա, որպեսզի հունվարի վերջին դելիմիտացիայի հանձնաժողովները հանդիպեն։