ԱՄՆ պետքարտուղարի կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն Երևանից չի մեկնել Բաքու, ինչպես նախատեսված էր ի սկզբանե, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ըստ այդ երկրի լրատվամիջոցների՝ Բոնոյի Ադրբեջան այցը չի իրականացվել մի քանի պատճառով. Բաքուն չի ընդունում տարածաշրջանում ԱՄՆ առաջ քաշած կարգավորման մոտեցումները, ԱՄՆ քաղաքականությունը տարածաշրջանում միակողմանի և անհասկանալի է, և Բաքուն ինքն է հրաժարվել ընդունել Բոնոյին, քանի որ Ադրբեջանում չեն տեսնում ԱՄՆ-ին որպես վստահելի միջնորդի։
«Բոնոն ուղարկվել է տարածաշրջան՝ աջակցելու հայ-ադրբեջանական խաղաղ բանակցություններին, այցելել է Երևան, բայց այդպես էլ չի ժամանել Բաքու։ Ընդ որում, վերջին մի քանի ամիսների ընթացքում սա արդեն երկրորդ դեպքն է։ ԱՄՆ պետդեպարտամենտն աշխարհում կրոնական ազատություններին նվիրված հատուկ զեկույցում Ադրբեջանին ներառել է «հսկողության տակ գտնվող երկրների» ցուցակում։ Բաքուն այս քայլը որակել է որպես «Ադրբեջանի դեմ կողմնակալության ևս մեկ դրսևորում»։ Ամենայն հավանականությամբ, հենց դրա համար էլ նրանք չեն ցանկացել Բաքվում ընդունել Լուի Բոնոյին»,- գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Հիշեցնենք, որ Բոնոն հունվարի 8-ին հանդիպել էր ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր էր քննարկել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Նախատեսված էր, որ ԱՄՆ պաշտոնյան Երևանից պետք է մեկնի Բաքու։