Ադրբեջանի Միլլի Մեջլիսում ընդունել են հայտարարություն՝ կոչ անելով երկրի կառավարությանը պատժամիջոցներ կիրառել Ֆրանսիայի դեմ՝ հաշվի առնելով Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հանձնաժողովն առաջարկել է պատժամիջոցներ կիրառել Ֆրանսիայի դեմ, սառեցնել Ադրբեջանում ֆրանսիացի պաշտոնյաների բոլոր ակտիվները, դադարեցնել բոլոր տնտեսական կապերը Ֆրանսիայի հետ, բոլոր ֆրանսիական ընկերությունները (այդ թվում՝ Total-ը) դուրս բերել Ադրբեջանից, և թույլ չտալ ֆրանսիական ընկերություններին մասնակցել Ադրբեջանի պատվերով իրականացվող որևէ նախագծի։
Հայտարարության մեջ նշվում է, որ Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատներում ընդունված բանաձևերի պատճառով երկու երկրների հարաբերությունները գտնվում են պատմության մեջ ամենացածր մակարդակի վրա և, ըստ էության, կարող են համարվել կասեցված։
Միաժամանակ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հանձնարարվել է քայլեր ձեռնարկել Կանակայի, Մաոհի-Նուիի և Կորսիկայի անկախությունը ճանաչելու ուղղությամբ։
Հունվարի 17-ին Ֆրանսիայի Սենատն ընդունել էր Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձևը։ Բանաձևում առաջարկվում է կանխել Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման փորձերը՝ Երևանին տրամադրելով «նրա պաշտպանությունն ապահովելու միջոցներ» և «եվրոպական մակարդակում Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցների ռեժիմ սահմանելով»։ Բանաձևը կոչ էր անում նաև պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ և Բաքվից պահանջում է երաշխավորել արցախահայերի՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունքները։
Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան հունվարի 9-ին հայտնել էր, որ Ֆրանսիայի քաղաքացի Մարտին Ռայանը ձերբակալվել է Ադրբեջանում 2023 թվականի դեկտեմբերին՝ լրտեսության կասկածանքով։ Դեկտեմբերի 26-ին Բաքուն պերսոնա նոն գրատա էր հայտարարել Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակցի, ինչին ի պատասխան Փարիզը դեկտեմբերի 27-ին անցանկալի անձ էր հայտարարել Ադրբեջանի դեսպանատան երկու աշխատակցի։