Ադրբեջանի ԱԳՆ-ն «գործնական նշանակություն չունեցող առաջարկներ» է անվանել սպառազինությունների փոխադարձ վերահսկողության մեխանիզմ ստեղծելու և Բաքվի հետ չհարձակման պայմանագիր կնքելու մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։
Ըստ գերատեսչության՝ վարչապետի հայտարարությունը նպատակ ունի շեղել ուշադրությունը կողմերի միջև խաղաղության պայմանագրի նախագծի մշակման գործընթացից։
Նշվում է, որ «չնայած Ադրբեջանի կոչերին՝ դադարեցնել Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ շարունակվող պահանջները Հայաստանի սահմանադրությամբ, օրենսդիր մարմնի մի շարք որոշումներով, ինչպես նաև միջազգային տարբեր ատյաններ պաշտոնական նամակագրություններով և նամակներով 2020 թվականի պատերազմից հետո Երևանն «այս ուղղությամբ որևէ գործնական քայլ չի արել»։
«Այն, որ հայկական կողմն այս ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու փոխարեն հնչեցնում է գործնական նշանակություն չունեցող առաջարկներ, թյուրիմացություն է առաջացնում և անընդունելի է»,- նշում են Ադրբեջանի ԱԳՆ-ում։
Բաքուն «քաղաքական մանիպուլյացիա» է անվանել այն պնդումը, թե Հայաստանը լրջորեն է վերաբերում խաղաղության գործընթացին և ասել, որ Ադրբեջանը «Հայաստանից համարժեք քայլեր է ակնկալում ոչ թե խոսքով, այլ գործով»։
Հունվարի 28-ին Նիկոլ Փաշինյանը Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել էր, որ Երևանը Բաքվին առաջարկել է չհարձակման պայմանագիր ստորագրել և ապառազմականացնել սահմանը։ Փաշինյանն ասել էր, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանից, և որ Երևանը պատրաստ է տալ համապատասխան երկարատև և անշրջելի երաշխիքներ ու ակնկալում է նույնատիպ երաշխիքներ Ադրբեջանից։