Տիեզերքում լինելն ուժ ու հույս է տալիս, իսկ Sputnik 11-ի հաջող արձակումը տապալել է պատժամիջոցների ու Իրանի մեկուսացման ծրագիրը, հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, փոխանցում է IRNA գործակալությունը։
Իրանի նախագահի խոսքով՝ հակառակորդները փորձել են դավադրության միջոցով «կանգնեցնել Իրանին», սակայն նմանատիպ փորձերը պարզապես տապալվել են։
«Իրանի Իսլամական Հանրապետությունն այսօր ավիատիեզերական ոլորտում աշխարհի լավագույն 10 երկրների շարքում է»,- նշել է Ռայիսին։
Նա մատնանշել է իր վարչակազմի օրոք մշակվող արբանյակների աճող թիվը՝ ասելով, որ դրանք կհասնեն 30-ի՝ մինչև իրանական ընթացիկ օրացուցային տարվա վերջը, որն ավարտվում է մարտի 19-ին: Ռայիսին հայտարարել է, որ ևս մեկ արբանյակ կարձակվի մինչև տարեվերջ:
Աղբյուրը հայտնում է, որ Իրանը Ռայիսիի վարչակազմի օրոք ուղեծիր է ուղարկել 11 արբանյակ։
Հունվարի 31-ին ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատարը հայտարարել էր, որ Իրանը պատերազմ չի ցանկանում, բայց ոչ մի սպառնալիք անպատասխան չի թողնի։