Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները իրական գործողություններ չեն ձեռնարկում՝ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից հրաժարվելու համար, տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
«Հայաստանն ու Ադրբեջանն արդեն բավականաչափ հասուն են և ի վիճակի են լուծել միմյանց միջև մնացած խնդիրները, և այդ ուղղությամբ աշխատանքներն ընթանում են ինքնուրույն»,- ընդգծել է Ամիրբեկովը։
Նա նաև «կատարյալ անհեթեթություն» է անվանել եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի վերջին հայտարարությունը, որում նա մատնանշում էր Ադրբեջանի տարածքային հավակնությունները Հայաստանի նկատմամբ և կոչ էր անում Բաքվին վերադառնալ Երևանի հետ առարկայական բանակցություններին։
«Ադրբեջանին ուղղված մեղադրանքները Հայաստանի նկատմամբ մեր իբրև տարածքային պահանջների մասին ոչ այլ ինչ են, քան «մեղքը ցավոտ գլխից առողջի վրա փոխելու» անհաջող և անօգուտ փորձ։ Բավական է նայել Հայաստանի գործող Սահմանադրությանը և դրանում առկա հղումն այս երկրի Անկախության հռչակագրին, որն ամրագրում է կամայական և բացարձակապես ոչ լեգիտիմ որոշում, այսպես կոչված, «Հայկական ԽՍՀ վերամիավորումը Լեռնային Ղարաբաղին»,- նշել է Ամիրբեկովը։
Ըստ նրա՝ նման կոնկրետ փաստերը շատ են և, որպես օրինակ, նշել է Հայաստանի խորհրդարանի կողմից ԱՊՀ-ին Հայաստանի անդամակցության վավերացման գործընթացում ընդունված «վերապահումները, որոնք կասկածի տակ են դնում Ղարաբաղի պատկանելիությունն Ադրբեջանին», կամ 44-օրյա պատերազմից հետո բազմաթիվ դատական հայցերը, որոնք պարունակում են «բացահայտ տարածքային պահանջներ Ադրբեջանին»։
«Էլ չեմ խոսում Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքի մասին, որը մինչ օրս ներկայացնում է Ադրբեջանի Ղարաբաղի շրջանը որպես պատմական Հայաստանի անբաժանելի մաս»,- նշել է նա։
Ամիրբեկովը հավելել է, որ Բաքուն բազմիցս ներկայացրել է «վերոհիշյալ մտահոգությունները, բայց նրանք դեռևս կոնկրետ գործողություններ չեն ձեռնարկել»։
«Ադրբեջանի մոտալուտ հարձակման մասին ծիծաղելի լուրերի կանխամտածված տարածումն Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունների պահպանմանը զուգահեռ ոչ միայն խաբեություն է, այլև ճանապարհ դեպի ոչ մի տեղ»,- հավելել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչը։
Հունվարի 22-ին ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի նախագահի տարածքային պահանջները լուրջ մտահոգություն են առաջացնում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 18-ին Արդարադատության նախարարության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանին նոր Սահմանադրություն է անհրաժեշտ։
Հունվարի 22-ին սահմանադրագետ Վարդան Այվազյանն Armenia Today-ի հետ զրույցում մեկնաբանել էր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ նշելով․ «Եթե պետության մրցունակությունը պետք է կապենք Սահմանադրության հետ, ուրեմն պատկերացրեք, որ մենք պետականությունից ոչինչ չենք հասկանում»։
Հունվարի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը «չափազանց մեծ չափազանցություն» էր անվանել հայտարարությունները, թե իշխանությունները նախաձեռնում են նոր Սահմանադրության ընդունումը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացով պայմանավորված։