Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին՝ կառավարության ղեկավարի պաշտոնն ստանձնելու առիթով, հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Շնորհավորական ուղերձում Փաշինյանը Վրաստանի հետ բազմաոլորտ համագործակցության զարգացումն ու խորացումը Հայաստանի կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է համարել։
Նա համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատումը նոր հորիզոններ է բացահայտելու բոլոր ոլորտներում՝ երկկողմ գործակցությունն առավել ընդլայնելու համար:
Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել համագործակցել նոր կառավարության հետ՝ ի բարօրություն երկու երկրների ու եղբայրական ժողովուրդների:
Փետրվարի 8-ին Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել էր բանաձև, որով վստահություն էր հայտնել վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորած կառավարությանը։ Կոբախիձեի թեկնածության և նախարարների կաբինետի կազմի օգտին քվեարկել էին 84, դեմ՝ 10 պատգամավոր:
Հունվարի 29-ին Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական էր տվել Վրաստանի վարչապետի պաշտոնից։ Նա հայտարարել էր, որ ընդունել է քաղխորհրդի առաջարկը՝ ստանձնել իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահի պաշտոնը։