Ադրբեջանի զինված ուժերն ընդունել են թուրքական «Akinci» նորագույն հարվածային անօդաչու սարքերը։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ երկրի նախագահի կայքին հղումով։
Նրանց տեղեկություններով՝ Իլհամ Ալիևն այցելել է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ռազմական օբյեկտներ և դիտել թուրքական «Akinci» գրոհային անօդաչուների թռիչքները, որոնք ընդունվել են ծառայության համար։ Նշվում է, որ Ալիևին ուղեկցել են նրա որդին՝ Հեյդար Ալիևը, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և թուրքական «Baykar» ընկերության տեխնիկական տնօրեն Սելջուկ Բայրաքթարը։
2023 թվականի հոկտեմբերին Բայրաքթարը հայտնել էր, որ Ադրբեջանը շուտով կստանա այս տեսակի անօդաչու թռչող սարք։ Նրա խոսքով՝ ադրբեջանցի օդաչուներն ու տեխնիկները հաջողությամբ ավարտել են անօդաչու թռչող սարքերի շահագործման դասընթացները։
2023թ. ապրիլին հաղորդվել էր, որ ադրբեջանցի զինվորականները Թուրքիայում նման տիպի անօդաչու թռչող սարքերի շահագործման դասընթացներ էին անցել։ «Bayraktar Akinci» բարձր հարվածային անօդաչու թռչող սարքը Թուրքիայի զինված ուժերում ծառայության էր անցել 2021 թվականի օգոստոսին։