Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիոգորյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը հայտարարել է, որ Իրանը համաձայն չէ Հարավային Կովկասի տարածաշրջանում օտարերկրացիների ներկայության հետ, տեղեկանում ենք ԻՀՀ նախագահի պաշտոնական կայքից։
«Համաձայն չենք տարածաշրջանում օտարերկրացիների ներկայության հետ՝ խնդիրները լուծելու պատրվակով։ Կարծում ենք, որ նրանց ներկայությունը ոչ միայն չի լուծի խնդիրը, այլև ավելի մեծ խնդիր կդառնա տարածաշրջանի ժողովուրդների և կառավարությունների համար»,- հայտարարել է Իրանի նախագահը։
Ռայիսին նաև ողջունել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունները»։ Նա ընդգծել է, որ «ԻՀՀ-ն պատրաստակամ է ապահովելու Կովկասյան տարածաշրջանի ռազմավարական անվտանգությունը՝ հաշվի առնելով նաև Իրանի կարմիր գծերը»։
Ռայիսին նշել է, որ աջակցում են Թեհրանի և Երևանի միջև բոլոր համաձայնագրերի լիարժեք իրականացմանը։
Գրիգորյանն ընդգծել է, որ Իրանի աջակցությունը ՀՀ անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը շատ արժեքավոր և կարևոր է Հայաստանի համար։
IRNA գործակալությունը հայտնել է, որ Իրանն և Հայաստանը առավոտյան միջկառավարական համատեղ տնտեսական հանձնաժողովի 18-րդ նիստի շրջանակում տնտեսական համագործակցության համաձայնագիր են ստորագրել, որն առնչվում է 19 ոլորտների։
Իրանի նախագահականից հավելել են, որ Հայաստանի փոխվարչապետը, որը նաև Հայաստանի և Իրանի համատեղ հանձնաժողովի նախագահն է, ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը շահագրգռված է Իրանի հետ տնտեսական ու առևտրային հարաբերությունները զարգացնել հատկապես էներգետիկ և տարանցիկ ոլորտներում։
Փետրվարի 12-ին փոխվարչապետը պատվիրակությամբ մեկնել էր Իրան՝ մասնակցելու Հայաստանի և Իրանի միջկառավարական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստին։