Թուրքիայի Ազգային ժողովի պատգամավոր, թուրք-ադրբեջանական միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Շամիլ Այրիմը հայտարարել է, որ Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը, քանի դեռ Ադրբեջանի և Հայաստանի միջև բոլոր խնդիրները չեն լուծվել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը և Թուրքիան ուշադիր հետևում են Հայաստանի Սահմանադրության փոփոխության գործընթացին։ Այն, ըստ թուրք գործչի, արտացոլում է Հայաստանի տարածքային հավակնություններն Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ: «Այլապես՝ նման պետության հետ խաղաղությունն անհնար կլինի»,- սպառնացել է պատգամավորը:
Փետրվարի 14-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանին նոր պահանջներ էր ներկայացրել։ «Եթե Հայաստանն իր օրենսդրությունը նորմալ տեսքի չբերի, չհրաժարվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից, ապա խաղաղության պայմանագիր չի լինի»,- հայտարարել էր Ադրբեջանի նախագահը:
Նիկոլ Փաշինյանը հունվարի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանին անհրաժեշտ է նոր Սահմանադրություն՝ գործող խորհրդարանական կառավարման համակարգի պահպանմամբ: Դրա ընդունման անհրաժեշտությունը կառավարության ղեկավարը պայմանավորել էր աշխարհում, տարածաշրջանում և Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններով։