2023 թվականին Ադրբեջանի ուժային կառույցների կորուստները կազմել են առնվազն 277 մարդ, որոնցից 224-ը զոհվել են մարտական պայմաններում, գրում է Razm.info-ն։
Նշվում է, որ ցանկում ընդգրկված են 2023-ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ հարձակման արդյունքում գրանցված կորուստները։ 272 զոհերի մասին տեղեկությունները հաստատվել են ադրբեջանական պաշտոնական աղբյուրների կողմից: Եվս 5 զոհի մասին տվյալներ հայտնի են դարձել ադրբեջանական ընդդիմադիր լրատվամիջոցներից և սոցցանցերից: Ադրբեջանական աղբյուրների տվյալներով՝ 10-ը զոհվել է ականների պայթյունների, իսկ 214-ը՝ հայկական կողմի կրակի հետևանքով:
Ըստ աղբյուրի՝ սեպտեմբերի 19-ին Արցախի Պաշտպանության բանակի պաշտպանական գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 206 մարդ: Ադրբեջանն այն ժամանակ նաև հայտնել էր ավելի քան 500 վիրավորի մասին։
Մեզ հայտնի կորուստների գերակշիռ մասն Ադրբեջանի ՊՆ ստորաբաժանումներից է, 21-ը՝ ներքին զորքերից, 11-ը՝ ՊՍԾ-ից, մեկական կորուստ՝ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից, Ռազմավարական օբյեկտների պաշտպանության պետական գործակալությունից, Նախիջևանի առանձին համազորային բանակից։
Աղբյուրը հայտնում է, որ 2023-ին Ադրբեջանի ուժային կառույցներում հայտնի ինքնասպանությունների թիվը 17 է․ մահացածներից 11-ը ՊՆ զինծառայող է, 5-ը՝ ՊՍԾ, ևս 1-ը՝ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պահակային գնդի զինծառայող։
Նախորդ տարի, ըստ մասնագիտացված կայքի, Ադրբեջանի ուժային կառույցներում գրանցվել է շմոլ գազի թունավորումից մահվան 4 դեպք, մեկական դեպքեր՝ ջրահեղձության, կայծակի հարվածի, ձնահոսի հետևանքով։