Միլլի Մեջլիսի այսօր կայացած նիստում ադրբեջանցի պատգամավոր Ֆազայիլ Աղամալին գործընկերներին կոչ է արել ռազմական գործողությունների միջոցով «վերադարձնել» 8 գյուղերը, քանի դեռ Հայաստանը ծանր սպառազինված չէ, փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նրա խոսքով՝ Հայաստանը դաշինք է ստեղծել Ֆրանսիայի և Հունաստանի հետ և նրանց միջոցով փորձում է զենք ստանալ։
«Քանի դեռ Հայաստանը ծանր սպառազինված չէ, մենք պետք է ռազմական գործողություններ իրականացնենք և 8 գյուղեր կցենք մեր հողերին։ Կարծում եմ, որ իրադարձությունները լավագույնս չեն զարգանում»,- ասել է պատգամավորը՝ կոչ անելով թույլ չտալ Իրանի տարածքով տարբեր երկրներից Հայաստան զենքի մատակարարումը։
2023թ․ նոյեմբերի 10-ին Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ «ութ գյուղերի հարցը, որոնք գտնվում են հայկական օկուպացիայի տակ», մշտապես օրակարգում է և քննարկվել է Սանկտ Պետերբուրգում Հայաստանի վարչապետի հետ շփումների ժամանակ։
Հունվարի 13-ին Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել էր սահմանի և նախկին «անկլավների» հստակեցման վերաբերյալ Բաքվի հայտարարությունները։ Նա նշել էր, որ եթե Ադրբեջանը բարձրացնում է 4, Հայաստանը՝ 32 գյուղի հարց և հավելել՝ որտեղ Հայաստանը վերահսկում է որոշ տարածքներ, որոնք դե յուրե պատկանում են Ադրբեջանին, Հայաստանը պետք է լքի այդ տարածքները, իսկ Ադրբեջանը պետք է դուրս գա այն տարածքներից, որոնք դե յուրե պատկանում են Հայաստանին։