Ադրբեջանական կողմի հետ ցամաքային փակ սահմանի պատճառով Վրաստանը կորցրել է ավելի քան 1,5 միլիոն զբոսաշրջիկ, հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի փոխնախարար Մարիամ Կվրիվիշվիլին։
Նրա խոսքով՝ դա է հիմնական պատճառը, որ Վրաստանը չի կարողանում ամբողջությամբ վերականգնել զբոսաշրջային հոսքը՝ համեմատած մինչհամաճարակային մակարդակի հետ։ Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունն Ադրբեջանի կողմից փակ ցամաքային սահմանի պատճառով զբոսաշրջության ոլորտի կորուստները գնահատում է 400 մլն դոլար։
Ադրբեջանական կողմը Վրաստանի հետ փակել է ցամաքային սահմանները 2020 թվականի մարտից՝ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված հատուկ ռեժիմի ներդրման պատճառով։ Նախորդ տարվա վերջին սահմանափակումները երկարաձգվել էին մինչև 2024 թվականի ապրիլի 2-ը։ Զբոսաշրջիկներն Ադրբեջան կարող են հասնել միայն օդային ճանապարհով։